Վահագն Ալբերտի Խաչատրյանը ծնվել է 1977թ, մայիսի 2-ին, Գյումրիում: Նրա աշխատանքային գործունեությունն ամբողջականորեն կապված է սպորտի՝ մասնավորապես շախմատի հետ: Վահագն Խաչատրյանը շախմատի բնագավառում իր երկարամյա բեղուն աշխատանքով, մասնագիտական բարձր վարպետությամբ ակտիվորեն նպաստում է ոլորտի զարգացմանը:
Կրթություն
Գերազանցությամբ ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը: Շնորհված է մանկավարժության Բակալավրի աստիճան։ Մասնագիտություն՝ մասնագիտական մանկավարժություն՝ ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
Աշխատանքային գործունեություն
- 1998-2002 թվականներին, որպես ավագ մարզիչ, աշխատել է Գյումրու շախմատի մարզադպրոցում,
- 2002 թվականից մինչ օրս աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում՝ նախ որպես մարզիչ
- 2003 թվականից սկսած կարդացել է դասախոսություններ Հայաստանի շախմատի ակադեմիայի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մարզիչների, ինչպես նաև մրցավարների որակավորման բարձրացման սեմինարներում:
- 2013 թվականից սկսած զուգահեռաբար վերսկսել է մարզչկան աշխատանքները Գյումրու շախմատի մարզադպրոցում՝ մարզելով Շիրակի մարզի առաջատար պատանի շախմատիստներին:
- 2017 թվականից սկսած՝ աշխատում է նաև որպես ուսումնական գծով փոխտնօրեն
Միջազգային կոչումներ
2011 թվականին Շախմատի միջազգային ֆեդերացիան (այսուհետ ՖԻԴԵ) Խաչատրյանին շնորհել է ՖԻԴԵ-ի մարզչի բարձր կոչում, նույն թվականին ՖԻԴԵ-ն Վահագն Խաչատրյանին շնորհել է միջազգային կարգի մրցավարի բարձր կոչում:
Մարզչական արդյունքներ
- Վահագն Խաչատրյանի սաներից Ռոբերտ Աղասարյանը 2006 թվականին դարձել է աշխարհի մինչև 12 տարեկանների չեմպիոն
- 2011 թվականին Մարիա Գևորգյանը դարձել Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնության բրոնզե մեդալակիր
- Մանուէլ Պետրոսյանը 2012 թվականին դարձել է մինչև 14 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
- Արմեն Բարսեղյանը 2019 թվականին հռչակվել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների չեմպիոն
- Վահագն Խաչատրյանը եղել է նաև Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Աննա Սարգսյանի անհատական մարզիչը: Աննա Սարգսյանը, 2018 թվականին Հայաստանի կանանց հավաքականի կազմում մասնակցելով շախմատի Օլիմպիադային, նվաճել է աշխարհի կանանց թիմային առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, իսկ 2017 թվականին՝Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում շախմատի համաշխարհային Օլիմպիադայում գրավել է 4-րդ հորիզոնականը, ինչպես նաև իր խաղատախտակի առջև ցույց տված արդյունքի համար արժանացել է անհատական ոսկե մեդալի:
Պարգևատրումներ
Իր սաների միջազգային ասպարեզում բարձր հաջողությունների համար Խաչատրյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի անվանական թոշակով, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից արժանացել է պարգևատրումների: Մի շարք միջազգային մրցաշարերում գրանցած բարձր արդյունքների համար ՖԻԴԵ-ն 2001 թվականին Վահագն Խաչատրյանին շնորհել է շախմատի միջազգային վարպետի տիտղոս:
2012 թվականից սկսած հանդիսանում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մարզչական (մանկապատանեկան) խորհրդի, մրցավարական և որակավորման հանձնաժողովների անդամ: