Ընդունելության կանոնակարգ
Սույն կանոնակարգով սահմանվում են Հայաստանի շախմատի ակադեմիա ընդունվող երեխաների ընդունելության կարգը, պարտականությունները, ինչպես նաև ընդունելությանը վերաբերող այլ հիմնական հարցեր:
Հայաստանի շախմատի ակադեմիայում շախմատի խմբակային դասընթացներն անցկացվում են շաբաթական 6 օր՝ երկուշաբթիից շաբաթ, յուրաքանչյուր խմբի համար շաբաթական 3 օր. ԱՆՎՃԱՐ հիմունքներով:
Ակադեմիա կարող են ընդունվել.
- 4-5 տարեկան սկսնակ երեխաներ, ում կուսուցանեն շախմատ` սկսած առաջին քայլերից:
- 6 տարեկան երեխաներ, ովքեր ունեն շախմատային գիտելիքներ (ընդունող հանձնաժողովի որոշմամբ):
- 7 տարեկան երեխաներ, ովքեր ունեն շախմատային IV կարգ:
- 8 տարեկան երեխաներ, ովքեր ունեն շախմատային III կարգ:
- 9 տարեկան երեխաներ, ովքեր ունեն շախմատային II կարգ:
- 10 տարեկան երեխաներ, ովքեր ունեն շախմատային I կարգ (ընդունող հանձնաժողովի որոշմամբ):
- 11-16 տարեկան պատանի շախմատիստ/շախմատիստուհիներ, ովքեր անցել են Հայաստանի պատանիների առաջնության տվյալ տարիքային խմբի եզրափակիչ փուլ:
- 17-18 տարեկան պատանի շախմատիստ/շախմատիստուհիներ, ովքեր տեղեր են զբաղեցրել Հայաստանի պատանիների առաջնության տվյալ տարիքային խմբի եզրափակիչ փուլի մրցաշարային աղյուսակի առաջին կեսում:
- Այն շախմատիստները, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ պահանջներին, մարզչական հանձնաժողովի որոշմամբ կհեռացվեն ակադեմիայից:
- Երեխաների տարիքը որոշվում է տարեթվով:
Ակադեմիա ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը̀
- երեխայի ծննդյան վկայականի պատճեն,
- 1 լուսանկար (3x4),
- շախմատային կարգը հաստատող գրքույկ (կարգ ունենալու դեպքում):
Հերթագրումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Նոր խմբի ձևավորման դեպքում հերթագրված երեխաները տեղեկացվում են հեռախոսազանգի միջոցով (ըստ հերթագրման հերթականության):
Խմբի փոփոխման կամ այլ շախմատային մարզադպրոցներից ակադեմիա տեղափոխվելու պարագայում անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ: Տեղափոխման (ընդունելության) վերաբերյալ որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը` դիմում-հայտում ներկայացված տվյալների հիման վրա։
Այլ շախմատային մարզադպրոցներից ակադեմիա տեղափոխությունը կատարվում է տարեկան 2 անգամ.
- մայիս ամսին՝ Հայաստանի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարից հետո,
- նոյեմբեր ամսին՝ Աշխարհի և Եվրոպայի պատանիների առաջնություններից հետո:
Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն սաների իրավունքներն ու արտոնությունները
- Ակադեմիայում գործում են 4 հոգուց բաղկացած խմբեր լավագույն սաների համար, որտեղ յուրաքանչյուր երեխային ցուցաբերվում է անհատական մոտեցում:
- Հայաստանի պատանիների առաջնության եզրափակիչ փուլում 1-3 տեղերը գրաված ակադեմիայի սաներն ակադեմիայի կողմից կազմակերպված մրցաշարերին կարող են մասնակցել անվճար հիմունքներով, իսկ Հայաստանի եզրափակիչ փուլ անցած սաների մասնակցության մուտքավճարը զեղչվում է 50%-ով։
- Հայաստանի պատանիների առաջնության եզրափակիչ փուլում 1-3 տեղերը զբաղեցրած ակադեմիայի սաների համար ակադեմիայի կողմից կազմակերպված հավաքների մասնակցությունը անվճար է:
- Առանձնահատուկ ուշադրության են արժանանում Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակցության իրավունք ստացած ակադեմիայի սաները։
- Յուրաքանչյուր ամիս կազմակերպվում է 1 դաս-սեմինար Հայաստանի լավագույն գրոսմայստերների կողմից:
- Ակադեմիայի մասնաճյուղերի լավագույն սաների համար անցկացվում են դասընթացներ ակադեմիայում և հեռավար ուսուցմամբ։