Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը
2026-05-29Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը
Մայիսի 28-ին «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը։ Միջազգային բարձրակարգ այս մրցաշարը հերթական անգամ Ջերմուկում համախմբել է աշխարհի ուժեղագույն շախմատիստներին և շախմատի սիրահարներին։
Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր, գլխավոր տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Ստեփան Ավագյանի որդին՝ Կարեն Ավագյանը, Ավագյան ընտանիքի անդամները, պատվավոր հյուրեր, մրցաշարի մասնակիցներն ու Ջերմուկ համայնքի ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Սմբատ Լպուտյանը՝ շնորհավորելով բոլորին մրցաշարի մեկնարկի կապակցությամբ։ Նա ողջունել է Հայաստանից, Գերմանիայից, Հնդկաստանից, Լեհաստանից և Ռուսաստանից ժամանած մասնակից գրոսմայստերներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել մրցաշարի գլխավոր հովանավոր «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրին և հովանավոր «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ մրցաշարի կայացմանն աջակցելու համար։
Մասնակիցներին և ներկաներին ողջունել է նաև Կարեն Ավագյանը:
Բացման արարողության ընթացքում հյուրերի համար ներկայացվել է երաժշտական և մշակութային ծրագիր։ Օպերային հայտնի ստեղծագործություններով հանդես են եկել Լուսինե Առաքելյանն ու Հայկ Վարդանյանը, ներկայացվել է նաև պարային համար:
Արարողության կարևոր հատվածներից էր Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված ֆիլմի ցուցադրությունը, որը ներկայացնում էր նրա գործունեությունն ու ներդրումը հայկական շախմատի և Ջերմուկ քաղաքի զարգացման գործում։
Առաջիկա օրերին Ջերմուկը կդառնա համաշխարհային շախմատի կենտրոն՝ լի լարված պայքարներով, գեղեցիկ գաղափարներով և հիշարժան պարտիաներով։
Բարի գալուստ Ստեփան Ավագյանի հուշամրցաշար։
