Գրանցում

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագամ ՄԳ Սմբատ Լպուտյանի այցը Գորիսի պետական համալսարան

2025-11-18

Նոյեմբերի 18-ին ԳՊՀ-ն իր հարկի տակ հյուրընկալեց Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին:

Հյուրին ողջունեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը՝ շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու, փորձի և գիտելիքի փոխանակման պատրաստակամություն ցուցաբերելու համար։

Հանդիպումը մեկնարկեց «Կրթության արդի խնդիրները և շախմատը դպրոցում» թեմայով քննարկմամբ: Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը ներկայացրեց տարբեր երկրների փորձերը՝ շախմատը որպես կրթական առարկա դպրոցում ներդնելու, ուսումնական գործընթացում արդյունավետ գործիք դարձնելու և աշակերտների անհատական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը նպաստելու ուղղությամբ։

Հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով․ շախմատասեր հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու գրոսմայստերին՝ կապված դպրոցում շախմատի դասաժամերի ավելացման, ուսուցիչների պատրաստվածության, ֆիզիկական դաստիարակության կարևորության և կրթական մի շարք հարցերի հետ։

Հանդիպմանը ներկա էին շախմատասեր դասախոսներ, ուսանողներ, շախմատի ուսուցիչներ, շախմատով հետաքրքրված անձինք:

  
   




Developed by LAB64 LLC