Գրանցում

ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչի այցը Հայաստան

2018-09-15

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով Հայաստան էր ժամանել ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը։
Դվորկովիչը ժամանել էր Երևան ծանոթանալու հայկական շախմատի ձեռքբերումներին ու խնդիրներին։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ հասցրել է տպավորվել դպրոցների, համալսարանների ու շախմատի ակադեմիայի աշխատանքներով, որոնք շղթայված են միմյանց ու ճիշտ են առաջ շարժվում:
«Հայաստանից սովորելու շատ բան կա, այստեղ ես տեսա շախմատի նկատմամբ այնպիսի մոտեցում, որը ոչ մի երկրում չէի հանդիպել: Եթե հաղթեմ այս պայքարում, ապա Հայաստանի փորձը այլ երկրներում ևս կարող ենք կիրառել», – ասաց նա:

        
Դվորկովիչի խոսքով` ՖԻԴԵ-ի նախագահի նախընտրական քարոզարշավը ընթանում է մեծ թափով: Թեկնածուն կարծում է, որ լուրջ պայքար է ծավալվել երեք թեկնածուների միջև, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ կողմերը:
Ռուս թեկնածուն կարծում է, որ մեծ հնարավորություններ ունի հաղթելու ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում: «Վստահ եմ, որ կհաղթեմ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում»,- շեշտեց Դվորկովիչը:

        
Վերջինիս կարծիքով` ՖԻԴԵ-ի նախկին իշխանությունները ոչ լավ աշխատանք են տարել, մարզաձևի մասսայականացման հարցում: Կարելի էր անել ավելին, քան արվել է մինչ այս:
        
Արկադի Դվորկովիչը գրոսմայստեր չէ, բայց ուսանողական տարիներին մասնակցել է մի շարք մրցաշարերի:

ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 3-ին Բաթումիում:
Առաջադրված են ևս երկու թեկնածու` հույն Գեորգիոս Մակրոպուլոսը և անգլիացի շախմատիստ Նայջել Շորթը:




Developed by LAB64 LLC