Ընդունելության կանոնակարգ

Սույն կանոնակարգով սահմանվում են Հայաստանի շախմատի ակադեմիա ընդունվող երեխաների ընդունելության կարգը, պարտականությունները, ինչպես նաև ընդունելությանը վերաբերող այլ հիմնական հարցեր:

Հայաստանի շախմատի ակադեմիայում շախմատի խմբակային դասընթացներն անցկացվում են շաբաթական 6 օր՝ երկուշաբթիից շաբաթ, յուրաքանչյուր խմբի համար շաբաթական 3 օր. ԱՆՎՃԱՐ հիմունքներով:

Ակադեմիա կարող են ընդունվել.

  • 5 տարեկան սկսնակ երեխաներ, ում կուսուցանեն շախմատ` սկսած առաջին քայլերից:
  • 6 տարեկան երեխաներ, ովքեր գիտեն քայլերը:
  • 7 տարեկան երեխաներ, ովքեր կընդունվեն գիտելիքների ստուգման կարգով (ընդունող հանձնաժողովի կողմից), կամ նրանք, ովքեր ունեն IV կարգի I բալ:
  • 8 տարեկան երեխաներ, ովքեր ունեն շախմատային III կարգ:
  • 9 տարեկան երեխաներ, ովքեր ունեն շախմատային II կարգ:
  • 10 տարեկան երեխաներ, ովքեր ունեն շախմատային I կարգ (ընդունող հանձնաժողովի որոշմամբ):
  • 11-16 տարեկան պատանի շախմատիստ/շախմատիստուհիներ, ովքեր անցել են Հայաստանի պատանիների առաջնության տվյալ տարիքային խմբի եզրափակիչ փուլ:
  • 17-18 տարեկան պատանի շախմատիստ/շախմատիստուհիներ, ովքեր տեղեր են զբաղեցրել Հայաստանի պատանիների առաջնության տվյալ տարիքային խմբի եզրափակիչ փուլի  մրցաշարային աղյուսակի առաջին կեսում:

Ակադեմիա ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը̀

  • երեխայի ծննդյան վկայականի պատճեն,
  • 1 լուսանկար (3x4 չափսի),
  • շախմատային կարգը հաստատող գրքույկ (կարգ ունենալու դեպքում):

Հերթագրումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Նոր խմբի ձևավորման դեպքում հերթագրված երեխաները տեղեկացվում են հեռախոսազանգի միջոցով (ըստ հերթագրման հերթականության):

Խմբի փոփոխման կամ այլ շախմատային մարզադպրոցներից ակադեմիա տեղափոխվելու պարագայում անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ: Տեղափոխման (ընդունելության) վերաբերյալ որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը` դիմում-հայտում ներկայացված տվյալների հիման վրա։

Այլ շախմատային մարզադպրոցներից ակադեմիա տեղափոխությունը կատարվում է տարեկան 2 անգամ.

  • մայիս ամսին՝ Հայաստանի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարից հետո,
  • նոյեմբեր ամսին՝ Աշխարհի և Եվրոպայի պատանիների առաջնություններից հետո:

  Հաստատված է Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Ս.Լպուտյանի կողմից
25 հոկտեմբերի 2016թ.




Developed by 5165m Studio