Ակադեմիայի պատմությունը

Հայաստանում շախմատի ակադեմիա հիմնելու գաղափարը ծնվել էր դեռևս 1996թ. ՄԳ Սմբատ Լպուտյանի կողմից: Գիտակցվում էր գործի կարևորությունը. այդ տարիներին Հայաստանից մի շարք առաջնակարգ շախմատիստներ էին հեռացել: Մտահոգում էր հուսալի հերթափոխի հարցը: Ակադեմիան իր շուրջը պիտի միավորեր Հայաստանի լավագույն պատանի շախմատիստներին ու մարզիչներին, դրա հիմնումով պիտի լուծվեր տաղանդաշատ շախմատիստներին օգնելու, նրանց վարպետությունը հղկելու և կատարելագործելու խնդիրը, ինչպես նաև շախմատը մասսայականացնելու հանրապետության տարածքում: Սակայն ծրագիրն իրականացնելը դյուրին չէր: Ի հայտ էին գալիս դժվարություններ` կապված ֆինանսական և այլ խնդիրների հետ:

Տեղեկանալով Հայաստանում շախմատի ակադեմիա հիմնելու ծրագրին` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հարցի առնչությամբ և խոստանում օժանդակել: Նրա գործուն աջակցությամբ հաղթահարվում են խոչընդոտները, որ ծագում էին գաղափարը կյանքի կոչելու ճանապարհին: Հետևողականությունը, որ ցուցաբերեցին ՄԳ Սմբատ Լպուտյանը և ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հարցի լուծման կապակցությամբ, տվեց իր արդյունքը: 2002թ. հիմնադրվեց Հայաստանի շախմատի ակադեմիան` ԳՄ Սմբատ Լպուտյանի ղեկավարությամբ և ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ:

Հայաստանի շախմատի ակադեմիան հանդիսանում է շախմատի ուսուցման լավագույն կենտրոններից մեկը: Այս տարիների ընթացքում ակադեմիայի սաներից մի քանիսը դարձել են միջազգային գրոսմայստերներ և վարպետներ, Եվրոպայի առաջնություններում երեքը դարձել են ոսկե, իսկ երկուսը՝ արծաթե մեդալակիրներ, ինչպես նաեւ Աշխարհի առաջնություններում ձեռք են բերել 2-ական ոսկե և արծաթե մեդալներ:

Ակադեմիան մասնաճյուղեր ունի Հայաստանի շուրջ 50 քաղաքներում: Աշխատանքներ են տարվում Հայաստանից դուրս մասնաճյուղեր բացելու ուղղությամբ: Տարին երկու անգամ սաների համար կազմակերպվում են ուսումնամարզական հավաքներ Հայաստանի լավագույն հանգստավայրերում, իսկ մարզիչների համար` վերապատրաստումներ և սեմինարներ:

Հայաստանի շախմատի ակադեմիա են հաճախում 10-18 տարեկան այն պատանիներն ու աղջիկները, ովքեր Հայաստանի շախմատի առաջնությունում գրավել են I, II և III տեղերը: Ակադեմիայում գործում են խմբեր, ուր հաճախում են 4-9 տարեկան երեխաներ: Այստեղ կարող են սովորել մինչև 18 տարեկանը: Լավագույն արդյունք ցույց տված սաներին հնարավորություն է ընձեռվում ուսումը շարունակել մինչև 20 տարեկանը: Պարապմունքներն անցակացվում են անվճար` Հայաստանի լավագույն մարզիչների կողմից:

Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է միջազգային և հանրապետական մի շարք մրցաշարեր՝ այդ թվում արդեն ավանդական դարձած «Սևանա լիճ» միջազգային մրցաշարը, Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, «Ջերմուկ» մանկապատանեկան միջազգային մրցաշարը, որը 2014 թ. վերանվանվեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշար, «Հայաստանի շախմատի ակադեմիայի գավաթ» արագ շախմատի մրցաշարը, ինչպես նաև ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադան:

Ակադեմիայի մեծագույն ձեռքբերումներից է շախմատի մուտքը ՀՀ կրթական համակարգ, որն աշխարհի շատ երկրներում՝ մասնավորապես Եվրոպայում, մեծ հետաքրքրություն է առաջացրել: Հայաստանն այսօր միակ երկիրն է, որտեղ 2011 թվականից շախմատն ընդգրկված է ՀՀ բոլոր դպրոցներում՝ որպես հիմնական առարկա:




Developed by 5165m Studio