Գրանցում

«Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի համահեղինակ Թոնի Ֆադելն այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա

2017-11-17

Հայաստանի շախմատի ակադեմիան այսօր պատիվ ունեցավ հյուրընկալելու ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2017թ. մրցանակակիր, «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի համահեղինակ Թոնի Ֆադելին, ով հայտնի է որպես նշանավոր գյուտարար, դիզայներ և ձեռներեց։

Հյուրերի թվում էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի գլխավոր տնօրեն և նախագահ, ArmTech համաժողովի համահիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանը իր գործընկերների հետ միասին: 

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը պարոն Ֆադելին ծանոթացրեց շախմատի ակադեմիայի գործունեությանը, որից հետո նրանք մեծ հետաքրքրությամբ հետևեցին ակադեմիայում անցկացվող Երևանի շախմատի դպրոցների միջև անցկացվող մինչև 10 տարեկանների թիմային առաջնությանը: Այնուհետև աշխարհահռչակ Ֆադելը արագ շախմատի մեկ պարտիա խաղաց մրցաշարի մասնակից Նարեկ Խաչատրյանի հետ: 9 տարեկան պատանի շախմատիստ Նարեկը պարտության մատնեց պարոն Ֆադելին. «Նրանք բոլորը փոքրիկ, բայց բավականին վտանգավոր և պրոֆեսիոնալ շախմատիստներ են, շատ բան կարելի է սովորել նրանցից» – կատակեց Սմբատ Լպուտյանը:

Ջերմ և ընկերական մթնոլորտում բազմաթիվ հարցերի շուրջ  քննարկումներից հետո Սմբատ Լպուտյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի պատվո մեդալ հանձնեց Թոնի Ֆադելին:

Թոնի Ֆադելը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և նման պատվի արժանանալու համար և նշեց, որ նմանատիպ ակտիվ շախմատային գործունեություն ծավալելն ու իրագործելն իսկապես ոգևորող հանգամանք է:

Տպավորված շախմատի ակադեմիա այցից՝ նա հրաժեշտ տվեց կրկին անգամ հանդիպելու ակնկալիքով:

ՖՈՏՈՇԱՐՔ




Developed by LAB64 LLC