Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարի շրջանային մրցաշարը

2017-01-16

Ս.թ. հունվարի 16-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցան Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ-ի 11-րդ կարգի շրջանային մրցաշարի վերջին տուրի հանդիպումները և փակման արարողությունը:

Վերջին տուրում ՄՎ Ստանիսլավ Բոգդանովիչը Ուկրաինայից հաղթանակ տոնեց Ռուսաստանը ներկայացնող ՄՎ Դավիթ Պառավյանի նկատմամբ և 6,5 միավորով դարձավ մրցաշարի հաղթող:

ՄԳ Հովիկ Հայրապետյանը, ով երկար ժամանակ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՄԳ Ռոբերտ Աղասարյանի հետ և դարձավ 2-րդ մրցանակակիր: ՄԳ Ռոբերտ Աղասարյանը և ռուս ՄՎ Դմիտրի Գորդիևսկին վաստակեցին հավասար 5,5-ական միավոր և զբաղեցրեցին համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը: Հինգերորդ արդյունքը ցույց տվեց ՖՎ Արամ Հակոբյանը՝ 5 միավոր: 6-րդ արդյունքը 4,5 միավորով ապահովեց ՄՎ Արման Միքայելյանը, 7-րդ արդյունքը՝ 4 միավորով՝ ՄԳ Լևոն Բաբուջյանը: 8-րդ տեղը 3,5 միավորով գրավեց մրցաշարի նախորդ տարվա հաղթող ՄՎ Դավիթ Պառավյանը Ռուսաստանից: 9-րդ տեղում էր չեխ ՄՎ Վոյտեխ Պլատը, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակեց ՄՎ Վահե Բաղդասարյանը:

Մինչ մրցանակաբաշխության արարողության մեկնարկը ցուցադրվեց տեսանյութ, որը ներկայացնում էր Հայաստանում շախմատի զարգացման և ակադեմիայի հիմնադրման գործում մեծ ներդրում ունեցող Անդրանիկ Մարգարյանի գործունեությունը և մրցաշարի 9-օրյա պատմությունը, որն ընթացավ առողջ մրցակցային մթնոլորտում, լարված և հետաքրքիր պարտիաներով, արդյունավետ ելքերով: 9-օրյա խաղերը մեծ հետաքրքրություն առաջացրեցին ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ միջազգային շախմատասերների շրջանում:

Շրջանային մրցաշարի մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով: Հայաստանի շախմատի ակադեմիան հուշանվերներ էր նախապատրաստել նաև մյուս բոլոր մասնակիցների համար:  




Developed by 5165m Studio